Pulsuz

Մեծապատիվ Մուրացկաններ

Mesaj mə
Oxunmuşu qeyd etmək
Şrift:Daha az АаDaha çox Аа

Ե

Այն խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան ապաշխարանք քաշած էր, ուներ յուր դեմն սենյակ մը, որ խոհանոցի քովն էր և որ ճաշի հատկացված էր։ Այս սենյակը մտավ Աբիսողոմ աղան առաջնորդությամբ տիկնոջ, որ սեղանը պատրաստած էր վերջապես։

Աբիսողոմ աղան ճաշի սենյակը մտնելով բարևեց Մանուկ աղան, որ սեղանին շուրջը աթոռներ շարելու զբաղած էր։

– Սանկ հրամմեցե՛ք, Աբիսողոմ աղա, ըսավ Մանուկ աղան՝ սեղանին վերի կողմը ցույց տալով յուր հյուրին։

– Հրամանքնիդ նստեցե՛ք, ես ալ կը նստիմ, – պատասխանեց հյուրն՝ նստելով իրեն ցույց տրված տեղը։ – Ներեցե՛ք կերակուրս այսչափ ուշացնելուս համար, ուրիշ իրիկուններ ձեր ուզած ժամուն կրնաք ուտել․ այս գիշեր քանի մը պատճառներ թող չտվին, որ սեղանն ժամանակին պատրաստվեր․ այս պատճառները վերջը կպատմեմ ձեզի։ Ի՞նչպես եք, տեսնենք, Աբիսողոմ աղա, հանգի՞ստ եք, – հարցուց Մանուկ աղան ձայնին աստիճանն իջեցունելով։

– Շատ հանգիստ եմ։

– Շնորհակալ ենք, մեր բարեկամն ի՞նչպես է Տրապիզոն։

– Աղեկ է, հատկապես բարև ըրավ ձեզի։

– Բերող տանողն ողջ ըլլա։ Եթե ձեզի գավաթ մը օղի տամ, կը տնկե՞ք․ ախորժակ կը բանա։

– Գավաթ մը միայն կը խմեմ։

– Շատ լավ․ հրամմեցեք։

Մանուկ աղան երկնցուց գավաթն Աբիսողոմ աղային, որ ի մի ումպ կլլեց զայն, այսինքն օղին․ գավաթը չհասկնաք։

– Անուշ ըլլա, Աբիսողոմ աղա։

– Շնորհակալ եմ։

– Ձեր կենդանությանը։

– Ողջ եղե՛ք։

Մանուկ աղան օղին ջրով բարեխառնելեն ետքը խմեց զայն ի չորս ումպ։

– Տիկինը մինչև որ կերակուրներն տաքցունե և բերե, մենք կրնանք խոսիլ և ժամանակ անցունել, այնպես չէ՞, Աբիսողոմ աղա։

– Այո, – պատասխանեց հյուրն այնպիսի եղանակով մը, որ կը հասկուցներ, թե ավելի լավ էր նախ կերակուր ուտել և ապա խոսիլ։

– Մտիկ արեք ուրեմն այսօր մեր գլուխն եկածները։ Քանի մը շաբաթե է վեր թաղականի մը ընտրության ետևե ինկած ենք։ Դուք հիմա ձեր մտքեն պիտի ըսեք, թե՝ մարդ, թաղականը քուկին ինչո՞ւդ պետք։ Անանկ չէ, Աբիսողոմ աղա, ազգին գործը ես չնայիմ, դուն չնայիս, ան չնայի, ո՞վ նայէ ուրեմն․ ինչուս պետքը շատ գեշ բան է, անով ամեն մարդ մեկդի կը քաշվի, և ազգին գործերն ալ երեսի վրա կը մնան։ Իմ գիտցածս՝ ամեն մարդ ձեռքեն եկածին չափ ազգին գործերուն ալ աշխատելու է։ Հատ մ՚ ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա, ախորժակ կը բանա։

– Սովորություն չունիմ մեկ գավաթեն ավելի խմելու։

– Մեր գավաթներն պզտիկ են, մանավանդ թե Պոլսո օդն ալ կը վերցունե։

– Շատ լավ։

Երկու բարեկամներ մեյմեկ գավաթ ևս խմեցին իրարու կենդանությանը, և Մանուկ աղան սկսավ ատենաբանության։

– Այս առտու, – ըսավ, – մեր թաղեն ազգային զբոսարանը գացած ժամանակս, ձեզմե աղեկ չըլլա, մեր բարեկամներեն Մելքոն աղային հանդիպեցա։ Այս Մելքոն աղան նախ Բարթողիմեոս աղային աղջիկը առած էր։ Բարթողիմեոս աղան ալ ժամանակավ մատով կը ցցունեն եղեր, իրբև բարի մարդ, հյուրասեր մարդ, ազգասեր և բարեպաշտ մարդ, և շուկային մեջ շատ խանութներ ուներ, որոնցմե տարին բավական եկամուտ կառներ։ Քանի մը տարիեն Մելքոն աղային կինը մեռավ, և Մելքոն աղան համետագործ Նիկողոսին աղջկանը հետ կարգվեցավ։ Այս աղջիկն քանի մը եղբայներ ունի, որոնց մին Ամբակում աղային քով գրագրություն կընե։ Այս Ամբակում աղան ալ տղա մը ուներ, որ թուղթ խաղալով հորը շատ ստակը կերավ և վերջեն Ռուսաստան փախավ։ Այս աղան Մարգար եպիսկոպոսին քրոջն թոռան եղբորորդին էր։ Մյուս եղբայրը շուկայի մեջ ոսկերիչ է․ բարձր հասակով, սիրուն մարդ մ՚ է։ Երրորդ եղբայրը ատենոք շատ պարապ պատեցավ, խեղճության մեջ ինկավ, անոթութենե պիտի մեռներ, վերջեն թաղական անդամ ընտրվեցավ և մեկ երկու տարիեն ինքզինքը ժողվեց։ Չերկնցնեմ խոսքս, Մելքոն աղան այդ Նիկողոս աղային աղջիկն առնելեն ետքը քանի մը տարիներ շատ հանգիստ կյանք վարեց, բայց վերջեն բախտը դարձավ, ձախորդություն ձախորդության վրա եկավ, և ունեցած չունեցածը բոլորովին կորսնցուց։ Օր մը առնեմ զինքը, հոս բերեմ, և տեսնեք, թե ինչ բարի մարդ է։ Եղբայր մ՚ ալ ունի, որ վարպետ ժամագործ մ՚ է, ատենոք Պեոյուք Տերե կը նստեր, վերջը քանի մը տարիներ Իսկյուտար նստավ, ետքեն Գում Գաբուն երթալով՝ հոն ալ չկրցավ նստիլ, և հիմա չեմ գիտեր, ուր կը նստի։ Բայց շատ վարպետ ժամագործ է։ Թորոս աղան, որ և ոչ մեկ ժամագործի կը հանձնե յուր ժամացույցն, անոր կուտա, որ մաքրե։ Այս Թորոս աղան կը ճանչնա՞ք․ ուրիշ տեսակ մարդ է․ անոր մեկ պատմությունը ընեմ քեզի և մտիկ ըրե, որ տեսնես, թե աշխարհիս վրա ասանկ մարդ կը գտնվի եղեր, որ․․․

– Բերե՞մ ապուրը, – հարցուց տիկինը սենյակին դռնեն ներս երկնցնելով գլուխը։

– Քիչ մը համբերե, տիկին, խոսքս լմնցունեմ, վերջը բեր։ Այնպես չէ՞, Աբիսողոմ աղա, խոսք պետք է յա՛։ Եթե մտիկ ընելու ժամանակ չունիք և գլուխնիդ կը ցավցունեմ կոր, ըսե՛ք։

– Ատ ինչ խոսք է․․․ բա․․․

Աբիսողոմ աղան չկրցավ շարունակել յուր խոսքը, զոր ընդմիջեց Մանուկ աղան Թորոս աղային պատմությանն սկսելով։

– Այս Թորոս աղան, – շարունակից, – մուշտակագործ մ՚ է, ականջը խոսի, և յուր ընտանիքովը հանգիստ կյանք մը կը վարե։ Յուր տանը պետք եղած պարենը, կարասիքս և հանդերձեղեն յուր ձեռքովը կառնե և իրմե զատ և ոչ մեկու մը վստահություն ունի, ականջը խոսի։ Մսավաճառեն միս կառնե, տուն երթալուն պես կը կշռե զայն, և անպատճառ քանի մը տրամ պակաս կը գտնե միսը, մսավաճառին կերթա, հետը կռվի կը բռնվի և քանի մը տրամ պակաս արված միսը կառնե տուն կը դառնա։ Ասանկ տարօրինակ մարդ մ՚ է․ ականջը խոսի։ Օր մը այս Թորոս աղան, ականջը խոսի, ժամացույցին փոշիները մաքրել տալու համար ժամագործի մը կերթա և հետը սակարկության սկսելով՝ վերջապես տասն և հինգ դահեկան կը հավանի տալ, այն պայմանով, որ ժամագործն յուր առջևը մաքրե ժամացույցը, վասնզի Թորոս աղան, ականջը խոսի, ինչպես ըսի, և ոչ մեկու մը վստահություն ունենալով՝ չէր ուզեր իր ժամացույցն ժամագործին հանձնել և երթալ՝ վախնալով, որ ժամացույցին մեջեն բան մը կը գողցվի, կամ ժամագործը դիտմամբ կավրե ժամացույցն՝ մեծ ծախք մը բանալու համար, ինչպես որ կընեն շատ մը ժամագործներ, երբ քանի մը օր անգործ մնան։ Ժամագործն յուր պատվույն դեմ անարգանք կը համարի Թորոս աղային առաջարկությունն և կը բարկանա։ Եթե դուն ըլլայիր ժամագործին տեղ չէ՞իր բարկանար։

– Կը բարկանայի, – պատասխանեց Աբիսողոմ աղան, որ խելքն ու միտքը ապուրի ղրկած ըլլալով՝ բնավ ականջ չէր կախեր Մանուկ աղային ըրած պատմությանը։

– Թորոս աղան, ականջը խոսի, կրակ կը կտրի ժամագործին բարկանալուն վրա և քանի մը ծանր խոսքեր կընե իրեն, որ ընելու չէր․ այնպես չէ՞։

– Այնպես է, – պատասխանեց դարձյալ Աբիսողոմ աղան մեքենաբար՝ միշտ հավանության պատասխաններ տալով իրեն եղած հարցումներուն, որպեսզի խոսքը չերկարի, և կերակուրը բերեն։

– Ժամագործը կը վռնտե Թորոս աղան, ականջը խոսի․ Թորոս աղան ալ, ականջը խոսի, խանութեն դուրս ելնել չուզեր՝ վռնտվիլն իրեն պզտիկություն համարելով․ դուն ալ ըլլա՛ս, չես ելլա՞ր ա՛։

– Չեմ ելլար ա՛, – պատասխանեց Աբիսողոմ աղան, որ չէր գիտեր, թե ուս կից չէր ելլար և ինչո՛ւ չէր ելլար․ վասնզի, ինչպես ըսինք, Թորոս աղային ըրած պատմության և ոչ մեկ բառը յուր ականջը մտած էր․ միայն հարցումներու կը պատասխաներ։

– Ծեծկըվուքը կսկսի․ ժամագործն ապտակ մը կը զարկե Թորոս աղային․ ականջը խոսի, Թորոս աղան, ականջը խոսի, կից մը կուտա ժամագործին․ կարծեմ, ով ալ ըլլար Թորոս աղային տեղը, ուրիշ կերպով չպիտի կրնար պատասխանել ժամագործին ապտակին։ Ոտքդ պագնեմ, Աբիսողոմ աղա, ըսե՛, այնպես չէ՞։ Metsapativ murackanner.djvu – Դուք ալ հոս դոմադեսո՞վ կը շինեք, – հարցուց մեկեն ի մեկ Աբիսողոմ աղան։

– Դոմադեսո՞վ։

– Այո՛, ուրիշ տեղեր դոմադեսով կը շինեն եղեր։

– Ժամացո՞ւյցը։

– Ո՞ր ժամացույցը։

– Թորոս աղային ժամացույցը։

– Թորոս աղան ո՞վ է։

– Մտիկ չըրի՞ր ուրեմն ըրած պատմությունս։

– Ըրի, կատարյալ մտիկ ըրի, – ըսավ Աբիսողոմ աղան, որ յուր դոմադեսի հարցումովն հաստատեց, թե միտքն ապուրի, ապուրեն դոմադեսի, դոմադեսեն Պոլսո մեջ բրինձի ապուրին ինչպես շինվելուն գնացած էր, և բնավ ունկն չէր դրած Մանուկ աղային խոսքերուն։

Աբիսողոմ աղան շատ իրավունք ուներ յուր տան տիրոջ երկարաձիգ ճառն մտիկ չընելու, մանավանդ անոթի փորով։

Աշխարհիս վրա կան մարդեր, որք կը կարծեն, թե իրավունք ունին մեկու մը քթեն բռնել և ժամերով անոր գլուխը ցավցունել։ Ուրիշներ ալ կան, որ իրենց խոսքերը մտիկ անել տալու համար մարդ կը փնտրեն և եթե չգտնեն, պատրաստ են հոժարակամ օրական վարձ մ’ ալ տալ․ ոմանք ալ ամսականով ունկնդիր կը փնտրեն։ Շատ անգամ ինծի ալ պատահած է այս փորձանքը, և ես մտիկ ընել ձևացունելով՝ իմ գործիս վրա խորհած եմ․ հավանության պատասխաններ տալով ինծի եղած հարցումներուն՝ այնպես է պատասխանած եմ, եթե այնպես է հարցվեր ինծի․ արդարությունն ալ այս է պատասխան տված եմ, երբ արդարությունն ալ այս չէ՞ հարցումն ուղղվեր ինծի․ իրավունք ունիս ըսած եմ, երբ իրավունք չունի՞մ հարցումն եղած է, որպեսզի խոսքը կարճ կապվի։ Դժբախտությունն հոն է, որ գլուխդ ցավցնողն երբեմն այնպիսի հարցում մը կընե, որուն պատասխանելը դժվար է, վասնզի վճիռ տալը քեզի կը թողու։ Օրինակի համար, լմնցնելեն ետքը ճառն, զոր դու բնավ մտիկ ըրած չես կը հարցունե քեզի․

– Մարկոս աղա՞ն իրավունք ունի, թե Կիրակոս աղան։

Ի՞նչ պատասխանելու է․ գործին վրա բնավ տեղեկություն չունիս․ որո՞ւն տալու է իրավունքը․ մանավանդ գիտնալու է, թե իրավունքն որու պետք է տալ, որպեսզի գլուխդ ցավցունողին սիրտը չցավի։ Ասոր ալ ես դյուրին ճանփան գտած եմ և հետևյալ պատասխանները կուտամ․

– Գործն անուշությամբ լմնցնելու է։

– Այո, բայց իրավունքը որո՞ւ քովն է։ – Ի՞նչ օգուտ․․․ գեշ մարդու հետ գլուխ չելնըվիր։

– Այո՛, բայց կաղաչեմ ըսե՛, երկուքեն ո՞րն իրավունք ունի։

– Ինչո՞ւ կստիպես, որ ըսեմ, եղբա՛յր, երկու անգամ երկու չորսի պես հայտնի է իրավունքին ուր ըլլալը։

Շատերն այս պատասխաններովս գոհացուցած եմ․ բայց ոմանք ալ կան, որ կարծես զքեզ ոստիկանության պիտի հանձնեն եթե չըսես, թե Մարկոսն իրավունք ունի, իսկ Կիրակոսն անիրավ է։ Ասոնց ա՛լ ձեռքեն խալսելու համար՝ ստիպողական գործ մ’ ունիմ՝ ըսելով առեր, քալեր եմ։ Իսկ վերջերս տեսնելով, թե այս ընթացքս կը քաջալերե շատախոսները, քաղաքավարությունը մեկդի դնելով՝ օր մը անոնցմե մեկուն ըսի․

– Պարոն, զքեզ երկու ժամ մտիկ ընելու համար երկու ոսկի կուզեմ․ երկու ոսկիեն լումա մը պակաս եթե տաս, չեմ ընդունիր։

Մարդը կես ոսկի տվավ, իսկ ես չընդունեցի և օձիքս խալսեցի։ Այս օրերս կը լսեմ, որ այդ մարդը քառորդ ոսկիի երկու ունկնդիր ևս վարձած է։ Երանի «Մասիսին», որ յուր ուննկնդիրներուն ստակ տալու տեղ անոնցմե ստակ կառնե։

Աբիսողոմ աղան ինծի պես չվարվեցավ և, ինչպես հայտնի է, երբ դոմադեսի հարցապնդումով զգալ տվավ ատենաբանին, թե յուր ճառն բնավ մտիկ ըրած չէր, յուր անքաղաքավարությունն անմիջապես դարմանելու համար ըսավ․

– Կատարյալ մտիկ ըրի։

Աղե՞կ ըրավ։ Հայտնի է, որ գեշ ըրավ, եթե ես յուր տեղն ըլլայի, պարզապես կըսեի Մանուկ աղային․

«Մանուկ աղա, ինձի նայե՛, եղբայրս, երբ որ մեկը խոսիլ կսկսի, խղճմտանքը մեկ դի դնելու չէ։ Ութը ժամե ի վեր անոթի եմ ես և բնավ պետք չունիմ գիտնալ, թե Մարտիրոս աղան որուն տղան է, թե Գևորգ աղան որու հայրն է, թե ժամագործը Թորոս աղային ապտակ հաներ է, թե Թորոս աղան ալ ժամագործին կից տվեր է։

 

Այսպես կը խոսեի բացե ի բաց, ոչ թե միայն ընկերության մը մեջ գլուխ ցավցնողին, այլ նույն իսկ այն վարդապետներուն, որ շատ խոսելու նպատակավ միայն չորս ժամ քարոզ կուտան և կը վիրավորվին, եթե ժողովրդեն մեկը քարոզի ժամանակ եկեղեցիեն դուրս ելնե։ Եվ արդեն ըսած եմ օր մը եպիսկոպոսի մը, որ հինգ ժամ քարոզ խոսելեն ետքը եկեղեցեեն դուրս ելած էր և խուցը կերթար։

– Ո՞ւր կերթաք, սրբազան, – հարցուցի։

– Շատ քրտնած ըլլալով խուցս պիտի երթամ և լաթ պիտի փոխեմ։

– Դուք ո՞ւր կերթաք, – հարցուց ինծի։

– Ես ալ տուն կերթամ լաթ փոխելու համար, – պատասխանեցի իրեն։ Metsapativ murackanner.djvu Եվ այն օրեն ի վեր եպիսկոպոսն կարճ կը խոսի քարոզի մեջ։

Աբիսողոմ աղան չունեցավ այս համարձակությունը և խրախույս տվավ Մանուկ աղային, որ շարունակե յուր ճառը դոմադեսական հարցման պատասխանելեն ետքը։

– Դոմադեսը հոս կը գործածենք ապուրի մեջ, բիլավի մեջ և ուրիշ մսեղեն քանի մը կերակուրներու մեջ, բայց բնավ երբեք ժամացույցի մեջ։

– Շնորհակալ եմ․ ապուրի մեջ կը գործածվի ըսել է ես ալ ատ գիտնալ կը փափագեի։

– Ապուրը դոմադես՞ով կը սիրեք, թե ոչ։

– Դոմադեսով կը սիրեմ։

– Շատ աղեկ։ Դառնանք հիմա մեր խոսքին․․․ ո՞ւր մնացինք․․․ հա՛, Թորոս աղային վրա էր։ Տարօրինակ մարդ մ’ե աս Թորոս աղան, ականջը խոսի, շատ պատմություններ ունի․ ուրիշ գիշեր մը զանոնք կը պատմեմ, և ժամանակ կանցունենք։ Երկար չընենք, աս առտու հանդիպեցա Մելքոն աղային․․․

– Բերի, որ տաք տաք ուտենք, – ըսավ տիկինը ներս մտնելով և ապուրը բերելով։

– Այո՛, այո՛, ուտենք, վասն զի շատ անոթի եմ, – ըսավ Աբիսողոմ աղան։

– Հրամմեցե՛ք․․․

– Շնորհակալ եմ, ըսավ Աբիսողոմ աղան և գդալը բերանը տանելու մնաց, մեկեն ի մեկ վեր ցատկեց։

– Կարծեմ թե շատ տաք էր, ներեցե՛ք, Աբիսողոմ աղա, – ըսավ տիկինը։

– Քիչ մը ջուր առ բերանդ, Աբիսողոմ աղա, – ավելցուց Մանուկ աղան։

– Վնաս չունի, վնաս չունի․․․

– Տիկի՛ն, ինչո՞ւ համար ուշադրություն չեք ըներ կերակուրներու տաքությանը կամ պաղությանը, – ըսավ էրիկն կնոջը։

– Ա՛լ այս գիշեր մեր պակասություններուն աչք գոցելու է Աբիսողոմ աղան։

– Վնաս չունի, բան մը չէ։

– Ապուրը մինչև որ պաղի, այս օրվան դեպքը պատմեմ գոնե, – ըսավ Մանուկ աղան։

– Մանո՛ւկ աղա, Աբիսողոմ աղային գլուխ մի ցավցուներ այս գիշեր․ թերևս չախորժիր։

– Ժամանակ անցունելու համար պիտի խոսեի, որ զբոսնու և չնեղվի։

– Ուրիշ գիշերվան թող․ այս գիշեր հոգնած-հոգնած կրնա՞ քեզի մտիկ ընել։

– Կարծեմ թե Աբիսողոմ աղան սիրով մտիկ կընե ազգային գործերը և բնավ ձանձրություն չզգար։ – Այո՛, սիրով մտիկ կընեմ, պատասխանեց հյուրը, – բայց տիկինին ըսածին պես վաղը գիշերվան թողունք, վասնզի այսօր շատ հոգնած եմ։

– Շատ լավ, շատ լավ, ինչպես որ կուզեք, այնպես ըլլա․ բայց մեր թաղին թաղականին գործը շատ զվարճալի է։ Մելքոն աղան եթե հոս ըլլար և պատմեր, խնդալեն կը ճաթեինք։

– Ապուրը պաղեցավ, հրամմեցե՛ք, – ըսավ տիկինը։

Աբիսողոմ աղան այս հրավերն առնելուն պես՝ գդալով ապուրին վրա հարձակեցավ։

– Օղի մ’ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա։

– Շնորհակալ եմ, չեմ ուզեր։

– Տիկին, Աբիսողոմ աղային գինի լեցուր։

– Մանուկ աղա, այս գիշեր այլանդակ խոսքեր կընես, ապուրի վրա գինի կը խմվի՞։

– Ինչո՞ւ չխմվիր, տեսնենք պիտի հավնի՞ մեր գինիին։

Տիկինը դուրս ելավ և խաշած միս բերելով սեղանին վրա դրավ։

Աբիսողոմ աղան այնպիսի ախորժակով մը կուտեր, որ մսի կտորները առանց ծամելու կը կլլեր։

– Փառք քեզ, աստվա՛ծ, այս գիշեր ալ կշտացանք, – ըսավ Աբիսողոմ աղան փորն քահանայի մը պես լեցնելեն ետքը և երեսը խաչակնքելով ու ցած ձայնով հայր մերն ըսելով՝ սեղանեն ելավ և լվացվելու համար ջուր փնտրեց։

– Կերակուրեն վերջը կը լվացվի՞ք, – հարցուց տիկինը հյուրին։

– Եթե ջուր ըլլար․․․

– Մենք սովորություն չունինք, բայց ձեզի քիչ մը ջուր բերեմ և լվացվեցեք։

Աբիսողոմ աղան լվացվեցավ և ձեռները չորցնելու ատեն հարցուց տիկինին, թե որ սենյակին մեջ պիտի պառկեր։

Տիկինը ճրագով երկրորդ հարկը սենյակ մը առաջնորդեց հյուրին և վար իջավ։

Այս պառկելու սենյակն փոքր էր, և անոր ճիշդ չափը տված կըլլանք, եթե ըսենք, որ Աբիսողոմ աղային հասակին երկայնությունն ուներ։ Անկողինը շինված էր այն միակ պատուհանին առջև, որ փողոցի վրա բացված էր։ Աթոռ մը, քառակուսի պզտիկ սեղան մը, փոքրիկ հայելի մը, ջուրի շիշ մը և գավաթ մը, սանտր մը, վրձին մը այս սենյակին կարասիքը կը կազմեին։

Աբիսողոմ աղան սենյակեն ներս մտնելուն պես ձեռներն բացավ և նորեն փառք տվավ աստուծո, որ վերջապես խալսեցավ փորձանքներեն և առանձին մնաց։ Բանտեն արձակվող մը չէր կարող ավելի ուրախություն զգալ։ Փառաբանությունն ավարտելուն պես հանվեցավ և ինքզինքն անկողնո մեջ նետեց։

– Ասկեց ետքը ընելիքս գիտեմ, – ըսավ անկողնո մեջ, և ոչ մեկու հետ պիտի տեսնվիմ, վասնզի ես այս պոլսեցիները շատ չսիրեցի, ասոնք կամ դրամդ առնելու կը նային կոր կամ երկու, ժամ գլուխդ ցավցունելու։ Ինչո՞ւս պետք իմին․ ես եկած եմ հոս կին մ’ առնելու և երթալու․ որուն աղջիկն որ սիրեմ՝ կուզեմ․ եթե տան՝ կառնեմ, գործս կերթամ, և եթե չտան, եթե չտան․․․ բայց ինչո՞ւ չտան․․․ ինձմե աղեկի՞ն պիտի տան․․․ Եթե վաղը սա լրագիրն իմ անունս ալ փառավորապես գրե, այն ատեն շատերն պիտի աղաչեն ինծի, որ իրենց աղջիկն առնեմ․․․ Մեկեն ավելին ի՞նչ պիտի ընեմ․․․ անոնց մեջեն պարկեշտ աղջիկ մը կը զատեմ․․․ խոսկապը կընեմ․․․ նշան կուտամ․․․ կը կարգվիմ․․․

Այս որոշումները տալով կը քնանա Աբիսողոմ աղան։

Զ

Աբիսողոմ աղան աղվոր քուն մը քաշեց նույն գիշերը, վասնզի շատ հոգնած էր և թերևս հետևյալ օրն ալ չէր բանար աչերն, եթե փողոցի վաճառականներն առավոտուն իրենց ահարկու ձայներովս չխռովեին անոր քունը, մահվան այդ կտրոնն, որ ոչ միայն հոգնած մարդերու հանգստարանն է, այլև շատ մշտնջենական ցավերու առժամանակյա դարմանն է։ Երանի՜ անոնց, որ կը քնանան և ուշ կարթննան կամ բնավ չեն արթննար, վասնզի անոնք բնավ չեն զգար կամ գոնե քիչ կզգան այն ցավերն, որք հալ ու մաշ կընեն մարդս։ Բայց Պոլսո մեջ քնանալու ազատություն ալ չկա․ գիշերները պահապաններն այնքան ուժով գետին կը զարնեն իրենց փայտերն, և առավոտուն փողոցի վաճառականներն այնքան բարձր ձայնով կեղանակեն իրենց ապրանքներն, որ քունն կը շվարի, կը մնա, թե ո՛ր կողմ փախչի։ Եթե վերջին դատաստանին օրը Գաբրիել հրեշտակապետը չհաջողի յուր փողովն մեռյալներն արթնցնել, ես պիտի առաջարկեմ, որ այդ պաշտոնը Պոլսո փողոցի վաճառականներուն կամ գիշերային պահապաններուն հանձնվի։ Աբիսողոմ աղան ալ, որ փողոցի վրա սենյակի մը մեջ կը պառկեր, ստիպվեցավ կանուխ արթննալ։ Աչերը բանալուն պես անկողինեն ելավ, սնդուկը բացավ և ճերմակեղենները փոխեց, հետո լվացվեցավ և հագվեցավ։

Տան տիկինն, որ իմացած էր հյուրին ելած ըլլալն, վեր ելավ և զարդարուն սենյակ մը հրամցնելով զայն՝ իմաց տվավ, թե մեկն կսպասեր վարը և զինքը տեսնել կուզեր։

– Թո՛ղ հրամմե, – ըսավ Աբիսողոմ աղան։

– Շատ լավ, կաղաչեմ, ըսե՛ք ինծի․ խահվեն կաթո՞վ կը խմեք, թե առանց կաթի։

– Կաթ կը խմեմ առանց խահվեի։

– Կաթ բերեմ ուրեմն։

– Այո՛, կաթ բերե՛ք։ Տիկինը վար գնաց։

– Տեսնենք ո՞վ է աս մարդը, – ըսավ ինքնիրեն խոշոր մարդը, – թերևս աղջիկ ունի կարգելու և իմ Պոլիս գալս իմանալով՝ առավոտուն կանուխ հետս խոսելու եկած է։ Բայց ես մինչև որ չստուգեմ աղջկան ինչ բնության տեր ըլլալը, խոսք չեմ տար․ նախ ամեն բան հասկնալու եմ, աղջիկը քննելու եմ, վերջեն հորս հարցնելու եմ․ վասնզի իմ սիրելս բավական չէ, պետք է որ հայրս ալ սիրե իմ կինս․ ոչ թե միայն հայրս, այլ ամեն մարդ հավնելու է․․․

– Բարև, վսեմափայլ տեր, – ըսավ երեսնամյա և վառվռուն երիտասարդ մը սենյակ մտնելով և արագաքայլ Աբիսողոմ աղային վազելով՝ անոր ձեռները սղմելու համար։

Աբիսողոմ աղան տեղեն ելավ և ձեռները հանձնեց այդ երիտասարդին, որ ուզածին պես սղմե և թոթվե զանոնք՝ հազար ու մեկ հարգանքներ մատուցանելով։

– Նստեցե՛ք, Աբիսողոմ աղա՛, կաղաչեմ, չվայլեր, որ ոտքի ելնեք, – ըսավ երիտասարդն՝ տիրոջը դարձնելով իրեն հանձնված ձեռներն և կոտրտվելով ետ ետ գնաց, թիկնաթոռի մը վրա նստավ։

Աբիսողոմ աղան բազմոցին վրա բազմեցավ։

– Արդարև մեր պարտքն էր երեկ գալ և ձեր գալուստը շնորհավորել, բայց ուշ իմացանք ձեր գալն․ ասոր համար հատկապես ձեր ներողությունը կը խնդրենք, – ըսավ երիտասարդն ձեռներն իրարու շփելով։

– Այսօր գալով պակասություն մ’ ըրած չեք ըլլար, որ ներողություն խնդրեք։

– Ձեր քաղաքավարությունն է, որ այնպես խոսել կուտա ձեզի, բայց մենք մեր պակասությունը միշտ կը ճանչնանք։ Արդարև մեծ պակասություն մ’ է մեր ըրածը․ ձեզի պես երևելի մարդ մը մայրաքաղաքս գա, և պատկերահան մը անմիջապես բարի եկարի չերթա, պակասություններու պակասությունն է, որ և ոչ մեկ կերպով մը կրնա պակասություն ըլլալե դադրիլ։

– Ամենևին պակասություն մը չէ, եթե բնավ չգայիք, դարձյալ պակասություն մը չէր համարվեր ինծի համար։

– Շատ վեհանձն եք։

– Ամենևին վեհանձն չեմ։

– Թող այնպես ըլլա, ատոր համար հիմա վիճաբանության մտնելու հարկ չեմ տեսներ․ միայն ինքզինքս ձեր տրամադրության տակ կը դնեմ և ձեր հրամաններուն կսպասեմ, եթե կուզեք, հոս քաշել տվեք, եթե կը փափագիք, մեր գրասենյակը պատվել հաճեցեք, և հոն հանենք․ ինծի համար միևնույն բանն է դուք ինչպես որ կախորժեք, այնպես ընելու պատրաստ եմ։ – Ի՞նչ պիտի քաշել տանք․․․ իմ ակռաներըս աղեկ են։

– Գիտեմ, որ ակռաներդ աղեկ են, ինչպես նաև դուք ալ աղեկ եք․ ես կը փափագիմ ձեր լուսանկար պատկերը քաշել։

– Ես մինչև հիմա պատկերս բնավ քաշել տված չունիմ և քաշել տալու հարկ մ’ալ չեմ տեսներ, վասնզի ամեն օր հայելի կը նայիմ և ինքզինքս կը տեսնեմ։

– Եթե ձեր պատկերը մեկու մը ղրկելու ուզեք, հայելին կրնա՞ք ղրկել, Աբիսողոմ աղա։

– Հայելին ինչո՞ւ ղրկեմ, ես կերթամ։

– Շատ աղեկ կը խոսիք, բայց ես մինչև որ ձեր պատկերը չհանեմ, չեմ կրնար հանգիստ ըլլալ․ ինծի համար պզտիկություն մ’է ձեր պատկերը չհանելը, թող որ ձեզի համար ալ այնպես է։

– Ինչո՞ւ։

– Լսված բա՞ն է, որ ձեզի պես երևելի մարդ մը Պոլիս գա և պատկերը քաշել չտա․ աշխարհ արարատ ձեր վրա պիտի խնդացնե՞ք։

– Ինչո՞ւ։

– Պատճառը հայտնի է, մեծ մարդերը բնականաբար մեծ բարեկամներ կունենան․ դուք մեծ մարդ մ’եք և այսօր կամ վաղը պիտի սկսեք մեծ մարդերու այցելություններն ընդունել։ Ասոնցմե շատերն իրենց պատկերներն մեյմեկ հատ պիտի նվիրեն ձեզի, և դուք ալ պիտի ստիպվեք ձերինեն մեյմեկ հատ տալ անոնց։

– Եվ եթե չտամ, կը խնդա՞ն իմ վրա։

– Խնդալն ալ խո՞սք է, ընկերություններու մեջ մատի վրա կառնեն քեզի։

– Զարմանալի բան․․․

– Լսված բա՞ն է, որ ձեզի պես ազնվական մը պատկերը հանել չտա․ մեծ ամոթ է․․․

– Մե՞ծ ամոթ․․․

– Այո, շատ մեծ ամոթ է․ անվարտի պտտիլն այնքան ամոթ չէ, որքան իրեն պատկերն չունենալը։

– Ես չէի գիտեր։

– Քաղաքակրթյունը և լուսավորությունը պարտք կը դնեն մեր ամենուս վրա, որ մեր պատկերներն ունենանք։

– Լրագիրները պիտի գրե՞ն, որ Աբիսողոմ աղան յուր պատկերը քաշել տված է։

– Լրագիրներու վերաբերյալ խնդիր մը չէ աս․․․

– Ըսել է թե եկեղեցիներու մեջ ծանուցում ալ չպիտի ըլլա։

– Ծանուցումի ի՞նչ հարկ կա, Աբիսողոմ աղա, կը ծաղրե՞ք զիս։ – Ծաղրե՞լ, ատոր շատ դեմ եմ ես․․․ ի՞նչ իրավունք ունիմ ուրիշ մը ծաղրելու․․․

– Մի՛ բարկանաք․․․

– Չէ, կը բարկանամ, ես բնավորություն մը ունիմ, որ ամեն բան շիտակ կուզեմ։

– Շատ լավ․ ի՞նչ դիրքով հանել կուզեք ձեր պատկերը։

– Միտք չունիմ պատկերս քաշել տալու, վասնզի անօգուտ բան մը կերևա ինձի։

– Ի՞նչ կըսեք, ասկից ավելի օգտակար ի՞նչ կա․ եթե ձեր բարեկամներեն մեկուն այցելություն մը տալ ուզեք և ժամանակ չունենաք, ձեր մեկ պատկերը կը ղրկեք, կը լմննա, կերթա։ Եթե կարգված եք, ձեր ամուսնուն կը ղրկեք, որ ձեր բացակայությանն ատեն անոր վրա նայելով կարոտը կառնե․ եթե ամուսնացած չեք, շատ աղջիկներ ձեր պատկերը կը տեսնեն և ձեր ով ըլլալը կը հասկնան, որով ընկերություններու մեջ ձեր անունը կը խոսվի։ Լուսանկար պատկեր մը այս օրվան օրս հացեն ավելի պետք է մարդուս․ կաղաչեմ, որ համոզվիք, և ժամ առաջ երթանք ձեր պատկերը քաշենք։

– Աղջիկներն ի՞նչպես և ո՞ւր պիտի տեսնեն իմ պատկերս․․․

– Չէ՞ որ ձեր բարեկամներուն պիտի տաք, անոնք ալ իրենց տունը պատկերներու հատուկ գիրքի մը մեջ պիտի անցունեն և ամենուն պիտի ցուցնեն։

– Ցուցնելով ի՞նչ պիտի ըլլա։

– Ի՞նչ կուզեք, որ ըլլա․․․ միշտ կը հիշվիք․․․

– Եթե չհիշվիմ, ի՞նչ կը կորսնցնեմ․ հոգս էր իմին, թե զիս պիտի հիշեն․ կուզեն՝ հիշեն, կուզեն՝ չհիշեն, ես անանկ դատարկ բաներու ստակ չեմ տար և քու խոսքերուդ ալ չեմ հավատար։

– Ասիկա պզտիկ էնսյուլթ մ՚ է։

– Էնսյուլթն ո՞վ է։

– Տեր, գիտեք որ արտիստ մը վիրավորեցիք ծանրապես։

– Ե՞ս վիրավորեցի։

– Այո՛, դուք․․․

– Պատկերս քաշել չտալուս համար զրպարտության սկսա՞ր․․․ ես մինչև հիմա մեկը վիրավորած չեմ։

– Այսօր զիս վիրավորեցիք։

– Գնա՛ ոստիկանության իմաց տուր, պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ։

– Ոստիկանության երթալու հարկ չկա․ կը խնդրեմ, որ ձեր բերնեն ելած խոսքը հաշտեցունեք ձեր քաղաքավարությանը հետ։ – Ես կռվի մեջ չեմ մտներ, գնա, դուն հաշտեցուր, եթե կռիվ ընողներ կան։

Մանուկ աղան Աբիսողոմ աղային նախաճաշը կը բերե և եռոտանի սեղանի վրա դնելեն վերջը՝

– Հրամմեցե՛ք, ձեր կաթը խմեցե՛ք, – կըսե։

Աբիսողոմ աղան աթոռ մը կառնե, սեղանին առջև կը նստի և կսկսի կաթը խմելու։

– Ի՞նչ որոշեցիք նայինք, Աբիսողոմ աղային պատկերը կե՞ս մեջքեն պիտի քաշեք, թե ոտքի վրա, – կը հարցունե Մանուկ աղան։

– Ոչ կես մեջքեն, ոչ ալ ոտքի վրա, – կը պատասխանե Աբիսողոմ աղան։

– Աթոռի մը վրա նստած ամբո՞ղջ պիտի քաշեք։

– Ո՛չ։

– Պառկա՞ծ պիտի հանեք։

– Ոչ։

– Քովընտի՞։

– Ո՛չ։

– Ի՞նչպես որոշեցիք ուրեմն։

– Որոշեցինք, որ մեր պատկերը բնավ քաշել չտանք։

– Ատ չըլլար․ ատիկա մեծ պզտիկություն է, Աբիսողոմ աղա՛․ հիմա պզտիկներեն բռնե, միչև մեծերը գնա, ամենն ալ տարին քանի մը անգամ պատկերնին քաշել կուտան․ երկու ամսու տղաներն անգամ իրենցն ունեն, միայն իրենց մորը արգանդին մեջ գտնվողները չունին իրենց պատկերը, եթե անոր ալ դյուրին մեկ ճամփան գտնեն, անոնց ալ պիտի հանեն։

 

– Ես չկրցի համոզել Աբիսողոմ աղան, որ կարծեց, թե զինքը խաբելու համար եկած եմ հոս, – ըսավ պատկերհանը։

– Զէ, չէ, մեր պատկերհանն անանկ մարդ չէ, – ավելցուց Մանուկ աղան։

– Ըսի, թե Աբիսողոմ աղային պես մեծ և երևելի մարդ մը իրեն պատկերն անպատճառ ունենալու է։

– Այո՛, ունենալու է, և քանի մը տեսակ։ Օրինակի համար․ տասներկու հատ պզտիկ, տասներկու հատ միջին, տասներկու հատ մեծ, տասներկու հատ ոտքի վրա, տասներկու հատ աթոռի մը վրա բազմած, տասներկու հատ քովընտի նստած, տասներկու հատ շիտակ նստած, տասներկու հատ ոտք ոտքի վրա դրած, տասներկու հատ ձեռք ձեռքի վրա, տասներկու հատ գլուխը ձեռքին կռնթած, տասներկու հատ ձեռքը սեղանի մը վրա դրած, տասներկու հատ պառկած, տասներկու հատ ձեռքը գավազան բռնած, տասներկու հատ խնդումներես, տասներկու հատ տխուր դեմքով, տասներկու հատ ալ ոչ խնդումերես և ոչ տխուր դեմքով։ Այո՛, Աբիսողոմ աղա՛, աս ըսածներես հատ մը եթե պակաս ըլլա, ձեր պատվույն վնաս կուգա։

– Իրա՞վ կըսեք, – հարցուց Աբիսողոմ աղան։

– Սուտ խոսելու բնավ պարտականություն չունիմ․ եթե ասոնք չունենաս, քու վրադ աղեկ աչքով չեն նայիր․ բոլոր մեծ մարդերն ասոնք ունին։

– Մեծ մարդերն ունի՞ն․ աղեկ գիտե՞ս։

– Այո, ունին։

– Պզտիկներն ալ ունին՝ ըսիր հապա։

– Պզտիկներն այս չափ չունին, անոնք կամ երեք հատ և կամ շատ շատ վեց հատ հանել կուտան։

– Բնավ մտքես չէր անցներ, որ պատկերին այս չափ կարևորություն կը տրվի հոս։

– Այո՛, կարևորությունը հիմա միայն պատկերներուն կը տրվի, և որքան աղեկ քաշված ըլլան, այնքան ավելի կարևորություն կառնեն։

– Քանի որ ամեն մարդ յուր պատկերն ունի, իմ մեծ մարդ ըլլալս ինչե՞ն պիտի հասկցվի․ միայն մեծ մարդերը քաշել տալու էին, որ այն ատեն․․․